Ներկայացնում ենք Արցախի ինքնապաշտպանության կամավորական ջոկատների կազմակերպիչ, ընդհանուր ջոկատների շտաբի պետ, «Մարտական խաչի» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ և ԱՀ սպորտի վաստակավոր գործիչ, ԱՀ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի վետերանների ակումբի ղեկավար ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հուշերը։
1989-ին էր: Մեր շարժումն արդեն անցել էր ահագին ճանապարհ: Պետք էր գտնել գործի քաղաքական, տնտեսական և ռազմական կազմակերպման լավագույն եղանակներ, որպեսզի չընկնեինք Մոսկվայի ու Ադրբեջանի հարվածների տակ, կարողանայինք բարձր պահել ժողովրդի ոգին և անհրաժեշտության դեպքում հակահարված տայինք հակառակորդի հարձակումներին: Արդեն ինձ պարզ էր, որ մեր խնդիրը լուծվելու է ինքնապաշտպանությամբ: Անվերջ Գորբաչովին դիմելով գործն առաջ չէր գնալու, իսկ Բաքվի ցույցերում արդեն խոսում էին Արցախի հայերին քշելու մասին: Շատ բարդ իրավիճակ էր: Ստեփանակերտ եկան Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը և ուրիշներ: Վազգեն Սարգսյանն ուղիղ եկավ մարզադաշտ և իրեն բնորոշ անմիջականությամբ ասաց. «Ռազմիկ, ես սուտ խոսել չեմ սիրում, եթե մի բան արել եք, արի, գնանք, ցույց տուր»:
ՈՒզում էր համոզվել, որ մենք իրոք Արցախում ջոկատներ ենք կազմավորել, նաև ճշտել՝ ինչ զենք ունենք, որպեսզի հետո անհրաժեշտ օգնություն ուղարկի:
Իմ ուզածն էլ դա էր: Երեք օր շրջեցինք այն տեղերում, ուր ջոկատներ էինք կազմավորել: Հասկանալի է, որ առաջին զինված տղաներն անտառներում էին բազավորված: Պարզ է, որ ռուսական զորքի աչքի առջև չէինք զինվելու: Մտածում էի՝ Երևանից եկած ջահել տղա է, կհոգնի, կդժգոհի մեր դժվարանց ճանապարհներից, բայց Վազգենը ոչ մի անգամ չդժգոհեց: Աբողջ օրը շրջում էինք, հոգնած-ջարդված գալիս ու միասին քնում էինք մարզադաշտի իմ սենյակում: Նրան առանձնապես հուզեց Սղնախ գյուղում հիմնած մեր հենակետը, ինքնաշեն նռնակներն ու հրազենները, որ խնամքով թաքցրել էինք գաղտնի պահեստում։ «Հենց որ գաս Երևան, ես քեզ համար անպայման կարգին կարաբիններ ու փամփուշտներ կգտնեմ»,- ասաց։
Ոգևորված էր անչափ, որ նույնիսկ պատժիչ ջոկատների ներկայությամբ Արցախը չի ընկճվում, ընդհակառակը, մտածում է զինված պայքար կազմակերպելու մասին:
Մի քանի օրից խումբը պետք է վերադառնար Երևան, բայց ներքին զորքերը խիստ ռեժիմ էին սահմանել օդանավակայանում: Գրեթե բոլոր ճանապարհները փակել էին: Երկար քննարկվում էր, թե ի՛նչ ելք կարելի է գտնել: Վազգենն անսպասելի հայտարարեց. «Դուք ինչ ուզում եք՝ արեք: Ես գնում եմ Ռազմիկի մոտ՝ մարզադաշտ»:
Հաճելի էր, որ ինձ վստահում էին, մյուս կողմից էլ, մտածում էի՝ կկարողանա՞մ կազմակերպել մեկնման գործը: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ մյուսների անունները հայտնի էին ՊԱԿ-ին ու ներքին զորքերի հրամանատարությանը: Երեկոյան հավաքվեցինք մարզադաշտում՝ մեր անելիքը որոշելու: Մեր աշխատողներից Բենիկ Սեյրանյանն այգի ուներ: Փոքրիկ հյուրասիրություն կազմակերպեցինք: Կրկին Վազգենն աչքի ընկավ իր պարզությամբ ու անմիջականությամբ: Խորովածն իր ձեռքով արեց: Ասում-խոսում էինք, բայց ես խումբն անվնաս-անփորձանք Երևան հասցնելու խնդրով էի մտահոգ: Զանգահարեցի օդանավակայան: Շատ արագ համաձայնության եկանք: Վազգենը փաստաթղթերն ու տոմսերի համար անհրաժեշտ գումարը վերցրեց և հաջորդ օրը տղաներին տարավ ու ճանապարհեց Երևան: Այդ օրերին մենք պատրաստ էինք շատ բան զոհաբերելու, միայն թե կարողանայինք Ստեփանակերտ հասցնել անհրաժեշտ բաներ կամ մեր վստահելի մարդկանց համար ապահովել անվտանգ տեղաշարժեր թե՛ Արցախում, թե՛ հատկապես Երևան գնալ-գալու հարցում: Հետո, երբ Սաֆարովի կարգադրությամբ ձերբակալվեցի, իմ ճակատագրով ամենաշատը հետաքրքրվում էր Վազգեն Սարգսյանը:
1990-ի մայիսին ընտրվեցի Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Անհրաժեշտ էր աշխատել ԳԽ որևէ մշտական հանձնաժողովի կազմում: Վազգեն Սարգսյանն առաջարկեց ընդգրկվել պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Թեև խորհրդարանական էր, բայց մեր հանձնաժողովն իրականում ձեռնամուխ եղավ հայոց ազգային բանակի և Արցախի ինքնապաշտպանական ուժերի կազմավորման բարդ ու դժվարին գործին: Նախաձեռնողն ու ամենաեռանդուն գործիչը, իհարկե, Վազգեն Սարգսյանն էր: Այսօրվա պես հիշում եմ՝ երբ առաջին նստաշրջանից հետո պատրաստվում էի Ստեփանակերտ վերադառնալ, Վազգեն Սարգսյանն իր վարորդ Մոսոյի միջոցով 16 մարտական կարաբին տվեց, որ տեղափոխեմ Արցախ: Այն օրերին դա մեծ զինապաշար էր մեր ջոկատների համար: Թե ի՜նչ ոգևորությամբ ու, պակաս կարևոր չէ, ի՜նչ հնարքներով կարողացա այդ թանկագին բեռը տեղ հասցնել, պատմելու բան չէ:
ՀՀ Գերագույն խորհրդում աշխատելու առաջին ամիսներին համոզվեցի, որ Վազգեն Սարգսյանն օժտված է կազմակերպչական մեծ ընդունակություններով, նրան սիրում ու հարգում են բոլորը: Ինձ հատկապես սրտամոտ էր նրա գործնականությունը: Հիմա՝ տարիներ անց, երբ վերլուծում եմ այն օրերի իրավիճակը, հասկանում եմ, որ Վազգենն առաջնորդվում էր ոչ թե ուսմունքներով, գաղափարներով, այլ ուղղակի քայլեր էր անում: Իսկ երբ անհրաժեշտ էր, նա դառնում էր փայլուն գաղափարախոս: Դա շատ էր պետք. Հայաստանն էլ, թեև անկախության ուղին բռնած, դեռևս գտնվում էր խորհրդային բանակի հսկողության ներքո:
Երբ սկսվեց իսկական պատերազմը, իմ ջոկատներով մտա կանոնավոր բանակի կազմ: Դաժան, բարդ ժամանակներ էին, այնքան, որ չէի կարողանում մասնակցել ԳԽ աշխատանքներին: Մարտական առաջադրանքներ էի կատարում ռազմաճակատի տարբեր ուղղություններում: Շտաբում քիչ էի լինում: Վազգեն Սարգսյանը հաճախ էր գալիս Արցախ, բայց մենք քիչ էինք հանդիպում:
1994-ին հրադադար հայտարարվեց: Մեր պատգամավորական խումբն արդեն կարող էր լիարժեք մասնակցել նստաշրջաններին: Արդեն հաճախ էի լինում Երևանում, և միշտ Վազգեն Սարգսյանը որևէ կերպ ժամանակ էր գտնում հանդիպելու մեզ հետ: Այս պահերին նա կրկին ինձ հիշեցնում էր Շարժման սկզբի Վազգենին՝ շարժուն, հետաքրքրասեր ու վարակիչ ծիծաղով...
Տպագրության պատրաստեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ